1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում իրականացվեցին շուկայական հարաբերությունների ձևավորման առաջին քայլերը: Կազմակերպվեցին արտադրական կոոպերատիվներ, որոնք ստեղծվում էին որևէ գործարանի կամ այլ արտադրական ձեռնարկության կազմում: 1988 թ. Ձերժինսկու անվան «Հաստոցաշինական գործարանին» կից մեր կողմից հիմնվեց «Լիտեյշչիկ» արտադրական կոոպերատիվը: Գործարանի տարածքում վարձակալվեց տարածք, և մեր ոչ մեծ խումբը (Արսեն Հայրապետյան, Վարդան Վարդանյան, Եփրեմ Խուդգարյան և ես) սկսեց իր գործունեությունը: 1990-1992 թթ. ՌԴ-ի Լիպեցկ քաղաքից ձեռք բերեցինք թուջե խողովակների արտադրության համար անհրաժեշտ մեքենասարքավորումներ և սանտեխնիկայի արտադրության համար պահանջվող մետաղական կաղապարներ: Շուրջ 10 տարի այդ արտադրատեսակները մեծ պահանջարկ ունեին մեր հանրապետությունում: Դրանք այնուհետև սկեցինք արտահանել նաև Վրաստան: 1995-1996 թթ. Հայաստանի Հանրապետությունում զգալի փոփոխություն ապրեց արտադրական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը: 1996թ-ից «Լիտեյշչիկ» արտադրական կոոպերատիվը վերագրանցվեց որպես «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվ: 1996թ. Երևանի N 1 ՈՒԱՏՁ-ի «Իկարուս» մակնիշի ավտոբուսի պարկի տարածքում վարձակալեցինք ձուլման, մեխանիկական, զոդման արտադրամասեր, ուր ծավալեցինք մեր գործունեությունը: 1999-2001 թթ. N 1 ՈՒԱՏՁ-ը ճանաչվեց սնանկ և դրվեց աճուրդի: Մենք գնեցինք տարածքի մի մասն ու արտադրական հզորությունները տեղափոխեցինք մեր սեփական տարածք: Կատարել ենք մեծ աշխատանք. արտադրամասերը լրիվ հզորությամբ գործարկելու համար վերանորոգվել է ավելի քան 8000 քմ տանիք, կանաչապատվել են տարածքներ, ստեղծվել մի գողտրիկ այգի: Ձեռք են բերվել հաստոցներ և այսօր արդեն ավարտին ենք հասցնում ձուլման երկրորդ արտադրամասը: Մեր այս փոքրիկ գործարանը կարելի է համարել նաև «ամենահաս» ձեռնարկություն: Հայաստանի բազմաթիվ ձեռնարկություններում շարքից դուրս եկած հաստոցների նմանատիպը ձուլվում, մեխանիկական մշակման է եթարկվում մեզ մոտ: Մեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ այսօր մեր կայուն տեղն ունենք Հայաստանի գործարար աշխարհում: Մեր արտադրանքը հայտնի է Հայաստանի և ԼՂՀ սահմաններից դուրս` Վրաստանում, Ռուսատանի Դաշնությունում և այլուր: Արտադրությունում ներգրավված են վարկային միջոցներ` նոր տեխնոլոգիաներ ներդնելու, շրջանառու միջոցներ ձեռք բերելու նպատակով: Ունենք գիտական և արտադրական բազմաթիվ գործընկերներ: Ունենք 36 բարձրակարգ մասնագետ-աշխատողներ: Այսօր էլ մեր աշխատախումբը շարունակում է աշխատել նույն նվիրրվածությամբ` նվաճելով նոր արտադրական բարձունքներ և շենացնելով մեր երկիրը:






ՄԵՐ ԹԻՄԸ
Մեր մրցանակները
2008 թ. Շնորհակալագիր ՀՀ վարչապետի կողմից Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրված ավանդի համար